21 May 2015

Ձմերուկի օգտակար և գեղեցկացնող հատկությունները

Ձմերուկի պտղամիսը, հյութը, սերմը, կեղևի կանաչ կճեպը և սպիտակ մասը մեծ կիրառում ունեն ոչ միայն ժողովրդական բժշկությունում, այլև նաև գեղարարության մեջ։ Ձմերուկը մաքրում, սնում և երիտասարդացնում է ցանկացած տեսակի մաշկը, գրում է 168.am-ը:

Սպիտակեցնող. Խառնեք ձմերուկի և վարունգի հյութերը (1։1)։ Մշակեք դեմքը առավոտյան և երեկոյան։ 20 րոպեից լվացեք ծորակի ջրով, մշակեք քսուքով։

Կորյակներ. Վերոգրյալ խառնուրդին ավելացեք 70 տոկոսանոց սպիրտ (1։1)։

Լոսյոններ. Խառնեք ձմերուկի և դեղձի հյութեր (1։1)։ Հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար։


•Հարեք 100 գ բանանի պտղամիս, ավելացրեք 1 ճ/գ ձմերուկի հյութ։ Նախատեսված է չոր մաշկի խնամքի համար։

•1 ճ/գ ձմերուկի հյութը խառնեք 50 մլ մածունի հետ։ Նախատեսված է ճարպոտ մաշկի խնամքի համար, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։

•Քերեք ձմերուկի պտղամիսը, 2 ժամից զտեք հյութը, որի մեջ լուծեք 1 ճ/գ մեղր, 1 թ/գ աղ և 200 մլ օղի։ Մաքրեք դեմքը, քսեք լոսյոնը, լվացեք 2 ժամից։

Պահեք սառնարանում մինչև 1 տարի։

Թարմացնող. Գոլացրեք հյութը, թրջեք լաթե անձեռոցիկը, 10-15 րոպե պահեք դեմքին։ Մաշկը դարձնում է առաձգական։ •Չոր մաշկը շփեք հյութում թրջած բամբակե խծուծով։

Դիմակներ։ Հարեք 1 ձվի դեղնուց, ավելացրեք 1 թ/գ ձմերուկի հյութ։ Նախատեսված է չոր և նորմալ մաշկի համար։ Չոր մաշկի դեպքում օգտագործեք 2-3 թ/գ ձվի սպիտակուց։ Մաքրեք մաշկը, դիմակները պահեք 10-15 րոպե, լվացեք ծորակի ջրով։

Սև կետեր, պիգմենտային բծեր. Մշակեք մաշկը ձիթապտղի յուղով, դրեք տաք ջրով թրջոց, 5 րոպեից քսեք դեմքին ձմերուկի տրորած պտղամիս։ Լվացեք 15 րոպեից գոլ ջրով, չորացրեք մաշկը և մշակեք սնուցող քսուքով։

•Մաքրեք դեմքը ձմերուկի կեղևի սպիտակ մասով։

Սկրաբ. Ձմերուկի չոր, փոշիացրած սերմը լուծեք տաք ջրի մեջ (1։1)։ Համասեռ զանգվածը քսեք մաշկին, մաքրեք 10 րոպեից։

Ձմերուկի դոշաբ

Պտղամսի քերուկը տրորեք (ոչ մետաղյա) քամիչի վրա, կաթսայի մեջ հավաքված զանգվածը զտեք երկտակ ծալած թանզիֆով։ Հյութը եփեք թույլ կրակի վրա, մինչև մնա հեղուկի զանգվածի 15-20 տոկոսը, ընթացքում հաճախակի խառնեք և հեռացրեք վրայի փրփուրը։ Դոշաբը շագանակագույն, բուրավետ, քաղցր, համեղ, մեղրի պես ծորացող հեղուկ է։ Պահեք ապակե տարայի մեջ, ծածկեք պլաստմասսայե կափարիչով։ Դոշաբը չի բյուրեղանում, պարունակում է մոտ 60 տոկոս շաքարներ, որոնց 20-30 տոկոսը ֆրուկտոզա է։ Ձմերուկի դոշաբն օգտակար է փորկապության, թոքերի, լյարդի, հիպերտոնիա հիվանդությունների դեպքում։

Հիպերտոնիա. 1 ճ/գ մասուրի պտուղը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, լուծեք 1 ճ/գ դոշաբ։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ։

Լյարդը մաքրող. Վարսակի 1 կգ չմշակված սերմը եփեք 1,5 լ ջրում թույլ կրակի վրա, մինչև մնա 1 լ հեղուկ։ Մեկ ժամ թրմեք, քամեք, լուծեք 100 գ դոշաբ։ Խմեք 150-ական մլ նախաճաշից առաջ և երեկոյան։ Պահեք հով տեղում։

•100 մլ ջրի մեջ լուծեք 1-ական ճ/գ դոշաբ և դեղձի քացախ (պատրաստեք` ինչպես ծիրանի քացախը. «168 Ժամ», 18.07. 2013)։ Խմեք վաղ առավոտյան։

Կարևոր է իմանալ, որ գիշերվա ընթացքում լյարդը մաքրում է օրգանիզմը թույներից. առավոտյան 05.00-07.00 Օդդիի սֆինկտեր կոչվող փականը բացելու համար անհրաժեշտ է, որ օրգանիզմը ստանա ոչ մեծ քանակի հեղուկ, ինչի շնորհիվ լեղապարկից դուրս կմղվի կուտակված թույներ պարունակող լեղին։ Ի դեպ` հնուց ընդունված է եղել վաղ առավոտյան նախաճաշել ձմերուկով (տես` «168 Ժամ» 22.08.2013)։

Փորկապություն. 1 ճ/գ դոշաբը լուծեք 100 մլ խնձորի կամ սալորի թարմ հյութի մեջ։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ։ 

•50 գ դոշաբը լուծեք 300 մլ ջրում։ Խմեք նախաճաշից առաջ։

Բրոնխիտ, լարինգիտ. Խառնեք 100-ական մլ սոխի քերուկ և խնձորի քացախ (կարելի է խաղողի), 2 ժամ թրմեք կիպ փակված ապակե տարայում, քամեք, լուծեք 100 գ դոշաբ։ Խմեք 1-ական թ/գ յուրաքանչյուր կես ժամը մեկ։

Թոքախտ. Կերեք 50-ական գ դոշաբ օրը 2-3 անգամ։

Հեպատիտ, քարեր երիկամներում, միզապարկում, լեղապարկում. Տրորեք հաղարջ սևի պտուղը, խառնեք ձմերուկի դոշաբի հետ (2։1)։ Կերեք 2-ական ճ/գ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Ձմերուկի սերմի յուղ

Չորացրած փոշիացրած սերմերի վրա լցրեք ձիթապտղի յուղ` հումքից 1 սմ բարձր, կես ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա (թույլ կրակ), 20 օր թրմեք մութ տեղում։ Խմեք 1-ական թ/գ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ միզաքարային հիվանդության և շագանակագեղձի բորբոքման դեպքում։
աղբյուր՝
«168 ԺԱՄ»


ՋՈՒԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ
http://www.magaghat.am/2015/03/%D5%B1%D5%B4%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80-%D6%87-%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%A1%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8/
Post a Comment