28 March 2015

Պուտինի քանի նմանակ են պատրաստել ժամանակակից տեխնոլոգիաները

Պուտինի քանի նմանակ են պատրաստել ժամանակակից տեխնոլոգիաները

Դեռ մեկ տարի առաջ Պուտինի նախկին կին՝ Լյուդմիլա Պուտինան, գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ իր նախկին ամուսինը վաղուց ողջ չէ, եւ Ռուսաստանի «սարսափելի շրջանակները» Կրեմլում նստեցրել են Պուտինի նմանակին: Կինն ասում է, որ հնարավոր է նույնիսկ մի քանի նմանակներ կան:
Հետաքրքիր իրավիճակ է առաջացել մեկ տարի անց: Այս տարվա մարտի սկզբին Պուտինը խորհրդավոր կերպով «անհետացավ», մոտ 10 օր ՌԴ նախագահի խոսնակը այդպես էլ որեւէ հոդաբաշխ բացատրություն չտվեց, թե ինչ է կատարվում: Տարբեր վարկածներ էին շրջանառվում, սկսած հիվանդությունից, Ալինա Կաբաեւայի ծննդաբերությունից, մինչեւ հեղաշրջում եւ նրա մահը:
Այս ֆոնին, Լյուդմիլա Պուտինայի մեկ տարվա վաղեմության հարցազրույցն իսկապես ակտուալ է դարձել, հատկապես նմանակների պարագան, եւ ահա թե ինչու:
Պուտինի անհետացման օրերին նրա միակ կապն արտաքին աշխարհի հետ փաստացի մնացել էր Սերժ Սարգսյանը: Այդ օրերին, ըստ պաշտոնական հաղորդագրության, երկու նախագահները հեռախոսազրույց էին ունեցել եւ քննարկել մասնավորապես ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին նախատեսված միջոցառումներին մասնակցելու հարցը:
Մինչ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, թե Պուտինը ժամանելու է, նրա խոսնակը հայտարարեց, թե այդ խնդիրը դեռ քննարկվում է: Դրանից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Պուտինը այդ օրը չգա, հայ ժողովուրդը դա չի հասկանա: Դրա մեջ իսկապես ճշմարտություն կա, հաշվի առնելով հայ ժողովրդի «ռուսամետությունը», ինչպես նաեւ այն, որ Ռուսաստանը ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

Պուտինը ապրիլի 24-ին հրավիրված է նաեւ Թուրքիա՝ Գալիպոլիի ճակատամարտի միջոցառմանը: Դրան մասնակցելը անչափ կարեւոր է Ռուսաստանի համար, Պուտինը մի առիթով ասել է, թե Աթաթուրքի ժամանակաշրջանը լավագույններից մեկն էր ռուս-թուրքական հարաբերություններում: Բացի այդ, ներկայում Ռուսաստանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում դաշինքով հանդես գալու համար, քանի որ հայտնվել են միջազգային մեկուսացման վիճակում:Պուտինը դժվարին ընտրության առաջ է: Սակայն, բացի այս միջոցառումներից, Ռուսաստանի նախագահն այդ օրը բազմաթիվ այլ կարեւոր ու անհետաձգելի գործեր էլ ունի, մասնավորապես՝ Մեծ հաղթանակի տոնակատարության պատրաստությունը, Ճապոնիայի ու Չինաստանի հետ բանակցությունները, Եվրասիական միության վեհաժողովը եւ այլն:
Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը: Պուտինի խոսնակը հարցմանն ի պատասխան ասել է, որ որեւէ խնդիր չկա, եւ «սովրեմյոննի տեխնոլոգիաները» հնարավորություն են տալիս լուծել այս հարցը: Մասնավորապես, Պուտինը ապրիլի 24-ին լինելու է եւ Երեւանում, եւ Բոսֆորի ափին, եւ միաժամանակ մասնակցելու է ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին:
Ավելին, ըստ խոսնակի, նա այդ օրը Յալթայում հավաքելու է Երկրորդ աշխարհամարտի դաշնակիցներին՝ քննարկելու Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունները:
Բացի այդ, նույն օրը Վլադիվոստոկում նա բացելու է խաղաղօվկիանոսյան վեհաժողովը, որտեղ Չինաստանի ու Ճապոնիայի ղեկավարների հետ քննարկելու է Երկրորդ աշխարհամարտի արդյունքները: Իսկ Մինսկում էլ ապրիլի 24-ին անցկացվելու է ԵՏՄ վեհաժողովը, որտեղ քննարկվելու են միասնական արժույթի հարցերը: Ըստ տեղեկությունների, այդ վեհաժողովին, երկու նման վեհաժողով բաց թաղնելուց հետո, մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը:
«Սովրեմյոննի տեխնոլոգիաները» դա թույլ են տալիս, կրկնել է ՌԴ նախագահի խոսնակը:
Ամբողջությամբ կարդացեք այստեղ
Post a Comment