13 August 2013

Մեզանից մեր ժողովուրդը փախչում է, աշխարհը մեզանից հոգնել է, պահանջում է, որ մեր տանը մնանք։

Հրանտ ԲագրատյանՄեզանից մեր ժողովուրդը փախչում է, աշխարհը մեզանից հոգնել է, պահանջում է, որ մեր տանը մնանք։ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/570560049668184

ՀՀ տնտեսության վերաբերյալ միջազգային տվյալները ( մասնավորապես՝ Համաշխարհային բանկինը) ուղղակի փաստում են, որ մեր երկիրն աղետալի տնտեսական անկման մեջ է արդեն 5 տարի անընդմեջ։ Այսպես, 2008-2012թթ ՀՀ ՀՆԱ-ն պակասել է՝ 2008-ի 11662 մլն դոլարից 2012-ին իջնելով 9910 մլն դոլարի (բացարձակ անկում՝ 15.1%)։ Այդ նույն ժամանակ Ադրբեջանի ՀՆԱ-ն 48852 մլն դոլարից հասել է 67197 մլն դոլարի (բացարձակ աճ 37.5%), իսկ Վրաստանինը 12799 մլն դոլարից հասել է 15829 մլն դոլարի (բացարձակ աճ 23.7%)։ Ավելորդ չէ նշել, որ այդ նույն շրջանում համաշխարհային տնտեսության բացարձակ աճը կազմել է 19.5% (2008-ի 60 տրլն-ից այն 2012-ին հասել է 71.7 տրլն-ի)։ Աղբյուրները բոլորին են հայտնի.http://search.worldbank.org/data?qterm=world%27s+GDP&language=EN;http://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD/countries?display=default։ Ակնհայտ է, որ երկրում բացահայտ տնտեսական անկում է։ Հասկանու՞մ են արդյոք իշխանությունները, քաղաքական մեծամասնությունը և մանավանդ ՀՀ կառավարությունը, որ իրենք 5 տարի է կրճատում են տնտեսության ծավալները։ Հաճախ կարելի է լսել, թե հա 2009-ին տնտեսությունը կրճատվել է, բայց դրա փոխարեն մյուս տարիներին աճել է։ Ո՞ւր է այդ աճը։ Հիմա իշխանությունները կարող են իմ այս հարցադրմանը ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին պատվիրել, թե մի բան մոգոնի ու Բագրատյանին պատասխանի։ Նա էլ դա կանի։ Օրինակ վերջերս նրա քավորությամբ, այդ մասին արդեն խոսել եմ, մի 45 էջանոց թուղթ են ուղարկել, թե բա չես ասի, աճն այսպես պիտի հաշվենք։ Օրինակ, այս դեպքում կարող են մոգոնել այսպիսի մի պատմություն. աճը պետք է հաշվել դրամով, ՄԱԿ-ը մեթոդիկա ունի, փոխվել է սպառման կառուցվածքը և այլ նման կարգի տաղտկալի դատողություններ։ Դե արի ու սրանց բացատրի, որ եթե մի արտասահմանցի իր երկրում փորձի դատողություններ անել ՀՀ տնտեսության զարգացման վերաբերյալ, ապա պարզապես նայելու է ՀԲ թվերին ու բնորոշումներ տա։
Ի՞նչն է, սակայն, առավել վտանգավորը։ 2008-ին Հայաստանը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տարածաշրջանի 5 պետությունների մեջ 4-րդն էր. Թուրքիա 10379$, Ադրբեջան 5575$, Իրան 4899$ և Հայաստան 3917$ (Վրաստանը վերջինն էր՝ 2920$)։ 2012-ին մենք արդեն վերջին 5-րդ տեղում ենք՝ Թուրքիա 10666$, Ադրբեջան 7228$, Իրան 6816$, Վրաստան 3508$ և Հայաստան 3338$։ Հիմա հասկանում ե՞ք, որ արտագաղթն այս ժողովրդի ապերախտության և լավը չտեսնելու հատկության արդյունք չէ։ Այն շատ կոնկրետ է և խստորեն թղթակցում է տնտեսական վիճակի վատացման հետ։ Պատահական չէ, որ բնակչության 1000 շնչին ընկնող միգրանտների թվով Վրաստանում իրավիճակը 4 անգամ ավելի լավ է, քան Հայաստանում։
Ադրբեջանն ու Թուրքիան արդեն դրական միգրացիա ունեն։ Մենք վերջինն ենք, մենք հետադիմում ենք, մեզանից մեր ժողովուրդը փախչում է, աշխարհը մեզանից հոգնել է, պահանջում է, որ մեր տանը մնանք։
Հիմա վերադառնանք 1993թ։ Այդ տարի, երբ փետրվարի 18-ին ստանձնեցի կառավարության ղեկավարությունը, խայտառակ իրավիճակ էր՝ 0-ական։ 1993-ին, օրինակ, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը վերջինն էր տարածաշրջանում. Թուրքիա 3181$, Իրան 1019$, Վրաստան 550$, Ադրբեջան 530$ և Հայաստան 357$։ Կառավարությունը ոչինչ չէր անում։ Միայն խոսում էր։ Շտապ կարգով մշակեցինք և գործի դրեցինք լայնածավալ բարեփոխումների ծրագիր։ Եվ ի՞նչ։ 1996-ին արդեն վերը նշված ցուցանիշներն այսպիսին էին. Թուրքիա 3053$, Իրան 1800$, Վրաստան 670$, Ադրբեջան 409$ և Հայաստան 503$ (http://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD )։ Մենք 3 տարում անցանք Ադբեջանին և կտրուկ մոտեցանք Վրաստանին (հետագայում, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանն անցավ նաև Վրաստանին)։ Հիմա հասկանում եք, թե ի՞նչն էր 1993-1994թթ պատերազմական հաղթանակի հիմնական պատճառը՝ տնտեսական դրական դինամիկան այն դեպքում, երբ Ադրբեջանում անկումը շարունակվում էր։ Մենք աճում էինք, արտագաղթը կտրուկ նվազել էր (1993-ի -141.1 հազարի փոխարեն, 1994-ին ունեցանք -127.8, 95-ին – 37.5 և 96-ին -20 հազ. մարդ)։ 2013-ի միայն առաջին կիսամյակում ունենք – 123 հազ. մարդ։ Աճող, զարգացող երկիրը, բնական է, պիտի հաղթեր։ Անկում ապրող, հետադիմող երկիրը պիտի պարտվեր։ Հիմա Հայաստանն ու Ադրբեջանկ տեղերով փոխվել են։ Հասկանու՞մ է սա այսօրվա կառավարությունը։ Հասկանու՞մ է, որ վաղվա պատերազմը սկսվել է երեկ։ Ցավոք սրտի, ոչ։
Հիմա շատերն են անցած պատերազմի վերաբերյալ գրքեր գրում։ Վերջերս այդպիսի մի արտառոց գիրք տեսա՝ 20 հազ ազգանունով։ Ներեցեք, բայց 20 հազ չէ, այլ 3 մլն-ի անուն ազգանունն է պետք գրել։ Բա էն փամփուշտ արտադրողը, բա հակաօդային պաշտպանության համակարգեր ստեղծողը, բա էն էնտուզիաստ գյուղացին, բա ուսուցիչը։ Նման բաներ գրելուց առաջ մի քիչ էլ նրանց մասին գրեք։ Կամ էլ եկեք հարցրեք, կպատմենք։ Ու բոլորդ պիտի հասկանաք, ռազմաճակատում հաղթանակները սկսվել են այն ժամանակ, երբ ՀՀ-ում գյուղացին, բանվորը, գործատերն ու պետական չինովնիկը ձեռքները քշտած տնտեսությունն էին աճեցնում։
Ու մի բան էլ։ Ի վերջո պիտի հասկանանք, թե ի՞նչու է այդ նույն ՀԲ հրապարակելով նման խայտառակ թվեր Հայաստանի մասով, այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ խոսում ինչ-որ ռեֆորմների մասին (վերջերս, ճիշտ է ավելի դժկամորեն)։ Ես հասկացա։ Երեկոյան զանգում են իրենց պետերին ու չարախնդորեն ասում. ‘’ այստեղ մի անպատմելի անկարող կառավարություն կա. ի՞նչ անում է, տնտեսությունը կրճատվում է։ Է դրանից էլ լավ բա՞ն։ Ինչքան թույլ լինի երկիրը, այնքան մեզ շատ կլսի”։
world's GDP - World Bank Search
Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ Հղումը http://blog.lurerarm.asia/ պարտադիր է
Post a Comment