26 June 2013

Խորհուրդներ, որոնք կօգնեն գեղեցիկ լինել ամեն օր



Մասնագետները խորհուրդ են տալիս դեմքը չլվանալ կոսմետիկական կաթով, քանի որ դրանից հետո կաթը մնում է դեմքին: Դրանից ծակոտիները փակվում են, իսկ մաշկը դադարում է շնչել: Մաշկային բորբոքումներն ու այտուցները հաճախ հենց դրա հետևանքով են առաջանում:

Ավելի լավ է օգտագործել չեզոք գելեր, փրփուրներ կամ կոսմետիկական օճառ:
Ջուրը, ի դեպ, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չափից ավելի տաք կամ սառը ջրից մաշկը վնասվում է՝ անոթային աստղիկներ են հայտնվում, մաշկը չորանում է և այլն:

Խորհուրդ է տրվում դեմքը լվանալ, շպարից մաքրել և անհրաժեշտության դեպքում գիշերային սնուցող կամ խոնավեցնող քսուք քսել՝ քնելուց առնվազն 2 ժամ առաջ: Հաճախ շատերս երեկոյան, քնելուց առաջ դիմակներ ենք դնում այն հույսով, որ առավոտյան թարմ տեսք կունենանք: Մինչդեռ հակառակն է ստացվում. արթնանում ենք ու զարմանում՝ դեմքին նկատելով լայնացած ծակոտիներն ու աչքերի տակի պարկերը: Բանն այն է, որ ըստ կենսաբանական ժամացույցի՝ օրգանիզմը երեկոյան ժամը 8-ից սկսած անցնում է հանգստի վիճակի, իսկ հանգստացող մաշկը ծանրաբեռնել չի կարելի: Ուստի փիլինգներն ու քիմիական դիմակները պետք է անել առավոտյան կամ կեսօրին:



Դիմակներ դնելիս պետք է զգույշ լինել: Տնային պայմաններում դիմակը պետք է դեմքին թողնել 5-7 րոպեից ոչ ավելի: Բացի այդ, դիմակները պետք է լվանալ սովորական ջրով:

Մաշկը ձգող կամ ակտիվ նյութեր պարունակող դիմակներից նախընտրելի է օգտվել 30-ից հետո: Իսկ մինչև այդ տարիքը բավական է դեմքն ուղղակի լավ մաքրելը, մաշկի խոնավությունն ապահովելը և քամու, արևի, փոշու վնասակար ազդեցություններից պաշտպանելը:

Երեկոյան ժամը 8-ից հետո սննդի ու հեղուկի ընդունումը հասցրեք նվազագույնի, հատկապես եթե անցել եք 35 տարեկանի սահմանը, հենց այս տարիքից է դանդաղում նյութափոխանակությունը: Իսկ եթե շատ քաղցած եք, կաթնամթերք կամ մրգեր կերեք: Սուրճն ու թեյը նույնպես սահմանափակեք:

Դեմքի դժգունությունն ու աչքերի տակի պարկիկները հաճախ հայտնվում են այն ժամանակ, երբ մաշկը թարմ օդի, թթվածնի կարիք ունի: Դրանց առաջացմանը կարող է նպաստել նաև քնի պակասը, կամ ընդհակառակը՝ չափից ավելի քնելը:
Ուստի լսեք ձեր օրգանիզմին. քնեք այնքան, որքան պահանջում է ձեր օրգանիզմը: Քնելուց առաջ անպայման օդափոխեր սենյակը:
Աղբյուր Պատրաստվել է Աշխարհի շուրջ 
Post a Comment