16 March 2012

Հրանտ Բագրատյանի 2 -րդ բաց նամակը Սերժ Սարգսյանին

Առաջին նամակում Հրանտ Բագրատյանը ներկայացնելով Հայաստանի տնտեսության վերջին տարիների հետընթացը եւ համեմատելով հարեւան պետությունների առաջընթացի հետ մասնավորապես գրել էր. "Ոչի՞նչ որ Ադրբեջանի բյուջեն 5 տարում 2.5 անգամ է ավելացել, Վրաստանինը ավելի քան 2 անգամ (դոլարային արտահայտությամբ), իսկ աշխարհինը՝ 1.4": Այս պարզ թվերին եւ ողջ նամակին անհավանական պատասխան էր տվել ֆինանսների փոխնախարարը:
Որին պատասխանել է Բագրատյանը իր երկրորդ նամակում` գրելով, որ առաջին նամակում ավելի բարձր թվեր է ներկայացվել որն ի օգուտ ներկա վարչախմբի էր եւ այս նամակում  ճշգրտել է դրանք. "Այսքանը։ Մի տխրեք։ Կգանք կարգի կբերենք։ Ֆինանսների փոխնախարարին էլ գործից չազատեք։ Ընդհակառակը, խրախուսեք։ Եթե ցանկություն ունեք պատասխանել` լավ կլինի։ Բայց եկեք հեռուստատեսությամբ։ Իբրև մեծահոգության դրսևորում. համաձայն եմ բանավիճել վարչապետի և/կամ ԿԲ նախագահի հետ։ Դուք կարող եք չգալ։ Ի վերջո… Բայց մի 2 շաբաթից։ Ինտելեկտուալ խոպանչի ենք, մի քիչ փող աշխատենք, բերենք համ տուն պահենք, համ էլ դատարանների փողերը տանք։ Դուք ուրիշ եք։ Կոմպլեքսներ չունեք պաշտոնն ու փող աշխատելը համադրելու», -եզրափակել է նախկին վարչապետը: Կարդացեք նամակը ամբողջությամբ.

Հրանտ Բագրատյանի 2 -րդ բաց նամակը` Սերժ Սարգսյանին, առաջինը կարդացեք այստեղ.

Հրանտ Բագրատյանն այսօր երկրորդ բաց նամակն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.

«Մարտի 14-ին, tert.am կայքում կարդացի Վարդան Արամյանի «Թվերի գիտակցված մանիպուլյացիա» հոդվածը, որն ինչպես հասկանում եմ Ձեր պատասխանն էր իմ ս.թ. մարտի 10-ին գրված նամակում:Անմիջապես ասեմ, որ ես սա ընկալում եմ իբրև Ձեր պատասխանը։ Չեմ կարող ասել, թե նշված անձը Ձեր, թե իր անունից է պատասխանել։ Քանի որ խոսում է բոլոր թվերից ու բոլոր կառավարական, պետական մարմինների անունից, ենթադրում եմ, որ նրան հանձնարարված է եղել պատասխանել։ Եվ ուրեմն, ես այն համարում եմ Ձեր պատասխանը։ Ինչ որ ասել է, համարում եմ Ձեր ասածը։ Նրա հետ ես գործ չունեմ։

Նորմալ երկրում ու նորմալ պրեզիդենտի առկայության պայմաններում ես պետք է որ պատասխանը ստանայի Ձեզանից, հանգիստ տոնով, առանց վիրավորանքների։ Կամ էլ Ձեր անունից կարող էր պատասխանել ցանկացած լիազորված մարդ։ Հիմա գործ ունեմ միայն Ձեր հետ։ Ի դեպ, մանիպուլյացիան ո՞րն է։ Ով որ Ձեզ ոչ հաճելի բան է ասում անմիջապես մանիպուլյ՞անտ եք անվանում։ Հիմա ե՞ս եմ մանիպուլյացիա անում, թե՝ դուք, երբ 2008-ին նախագահ դարձաք։ Նույնիսկ հիմա, երբ Ձեզ կոնկրետ փաստեր են ասում, փորձում եք պատասխանի փոխարեն ինչ-որ խորամանկ ձևով կպնել, վեր հանել երկրորդական, երրորդական բաներ ու ցրել հիմնահարցը։


Անցնեմ գործի։

Ձեր պատասխանը թակարդ է շարքային ընթերցողի համար, որը կարող է ֆրազաների ետևում հանկարծ չնկատել բուն տնտեսագիտական թեմատիկան։ Նախ, իմ հիմնական հարցադրումներին առ այն, որ վերջին ընտրություններից (2007) հետո հանրապետականները ոչ մի խոստում չեն կատարել, իրավիճակը 2 անգամ չեն բարելավել, մի կերպ, արտաքին պարտքի օգնության հաշվին, վճարել են աշխատավարձերը, դուք չեք պատասխանել։ Սա է խնդրի էությունը։ Դուք սա շրջանցում եք։ Ուրեմն համաձայն եք իմ գնահատականներին։ Երկրորդ, փորձել եք ինչ-որ վիճելի կետեր գտնել, բառի բուն իմաստով համեմելով դրանք մեծ հաշվով տնտեսագիտության հետ առնչություն չունեցող «մտքերով»։ Որոշ ընթերցողների այս ամենը ձանձրալի կլինի, բայց ես մեկ առ մեկ կանդրադառնամ Ձեր «փաստերին»։ Այնոամենայնիվ, մարդիկ մինչև վերջ պետք է իմանան, թե ով է այս երկիրը ղեկավարում։

Մեթոդաբանական հարցերից։ Այստեղ մի երկար պարբերությամբ գնաճի վերաբերյալ դատողություններ եք անում։ Չեմ կարողանում հասկանալ` ի՞նչ եք ուզում ասել։ Հիշատակում եք ինչ-որ փաստաթղթեր, թե ինչպես եք գնաճ հաշվում։ Ես իմ նամակում Ձեզ ասում եմ, որ գնաճի թիվը մի կեղծեք։ Տարվա կտրվածքով ճիշտ գնաճի թիվը միջակայքային միջին գնաճի հարաբերությունն է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի վրա։ Այսինքն` 2011-ի հունվար-դեկտեմբերի հարաբերությունը 2010-ի հունվար դեկտեմբերի նկատմամբ տվել է 7.7% գնաճը, այլ ոչ թե 4.8%, ինչպես, ասենք, երկար ժամանակ նշված էր ԿԲ կայքում։ 4.8-ը ծայրակետային, կամ ամիս ամսվա գնաճն է։ Ի դեպ, երբ որ ես ասում եմ ամիս ամսվա վրա, նկատի ունեմ X1 ընթացիկ տարվա ամիսը X0 բազիսային տարվա նույն ամսվա նկատմամբ։ Ես նկատի չունեմ այս տարվա, ասենք, մարտը այս տարվա փետրվարի նկատմամբ։ Չի կարելի իմ կողմից ասած բանը չհասկանալ կամ խեղաթյուրել ու «խելոք-խելոք» մտքեր շարադրել։ Ես ասում եմ` ի՞նչ իրավունք ունի ԿԲ-ն իր կայքում 7.7%-ի փոխարեն 4.8 գրի։ Հիմա շնորհակալություն հայտնելու ու ԿԲ նախագահին պատժելու փոխարեն, հեքիաթներ եք կարդում, թե տարբեր գնաճեր կան։ Հա, կան, հետո ինչ։ Բայց մենք (դուք) մի գնաճ ենք հաստատում չ՞է՝ 4+/-1.5%։ Հիմա ասեք, սա ո՞ր գնաճն է։ Միջին տարեկանը միջին տարեկանի նկատմամբ, թե ասենք հաշվետու տարվա դեկտեմբերը նախորդ (բազիսային) տարվա դեկտեմբերի նկատմամբ։ Բյուջե եք ընդունում։ Այնտեղ գրում եք 12-ամսյա գնաճ։ Հիմա մեզ պարզաբանեք, սա հունվար-դեկտեմբերը հունվար-դեկտեմբերի նկատմամբ է, թե դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ։ Որպեսզի Ձեզ չֆռռացնեն ձեր կառավարության «գործիչները», բացատրում եմ այդ 2 թվերի տարբերությունը։

Պատկերացրեք 2012թ պանիրը թանկացել է՝ 2000 դրամից դարձել է 2400։ Հիմա, եթե թանկացել է հուվարին` ապա միջին գնաճը կլինի 20%։ Եթե թանկացել է դեկտեմբերին՝ 1.7%։ Հիմա հասկացաք, որ դրանք տարբեր թվեր են։ Ուրեմն բարի եղեք կարգի բերել ձեր կառավարման խոհանոցը, այլ ոչ թե ինձ «բացատրել», թե ինչ է թիրախը կամ ռազմավարությունն ու վերլուծության համակարգը։ Եթե անգրագետ կառավարության դիմաց ԱԺ-ում մի քանի մասնագետ ունենայինք, ապա բյուջեն քվեարկելիս գոնե կասեին` հարգելի կառավարություն, արի կոնկրետ գրենք, թե 12-ամսյա գնաճ ասելով ի՞նչ եք հասկանում։ ԿԲ-ին էլ ասեք, որ մանիպուլյացիաներ չանի, որ գնաճը քիչ լինի, դա էլ կայքում գրի։ Ասենք` վերջին շրջանում ԿԲ-ն, որը գնաճի պատասխանատուն է երկրում` ըստ Սահմանադրության, իր կայքում մի անփոփոխ գրաֆիկ է դնում՝ առանց թվի։ ԿԲ-ում այսպես են հասկանում Սահմանադրության պահանջների կատարումը։ Իսկ դուք պատրաստվու՞մ եք հրավիրել Ձեր մոտ վարչապետին, ԿԲ նախագահին, ֆինանսների նախարարին և այլն ու ասել, բյուջեով 4+/-1.5%-ի փոխարեն ունենք 8.2% 2010-ին, 7.7% 2011-ին (պաշտոնական, Ձեր վիճակագրությամբ), ես ձեզ աշխատանքից ազատում եմ։ Կամ այս երկրում Սահմանադրական դատարանի նախագահ կա ու այդ Սահմանադրությունը խախտվել է։ Նա պատրաստվո՞ւմ է որևէ կերպ արձագանքել։

Ձեր հաջորդ դիտողությունը իմ մեկնաբանությունների առաջին կետի վերաբերյալ։ Ձեզ անհասկանալի է «բյուջեն պետության աշխատավարձն է» արտահայտությունը։ Դե անհասկանալի է, անհասկանալի է։ Ես ի՞նչ անեմ։ Ավելի պարզ բացատրել անհնարին է։ Ասում եք, բյուջեն ռեսուրսների ձևավորման և օգտագործման ծրագիր է։ Հա, դա էլ է։ Դասագրքերում գուցեև նման արտահայտություն կա։ Բայց դա չի նշանակում, որ բյուջեն պետության աշխատավարձը կամ եկամուտները չէ։ Իսկ քանի որ դա այդպես է, ապա թույլ տվեք ձեզ ծանոթացնել մի քանի հասարակ հնարքի (ռացիոնալ իմաստով), որը թույլ կտա ձեզ հետայսու առանց դիմելու կառավարության օգնությանը գնահատել բյուջեի կատարողականը։ Այսպես, ֆիննախը վերջերս զեկուցեց, որ 2011-ի բյուջեն կատարված է՝ 848 մլրդ դրամ։ Հիմա դուք պետք է իբրև երկրի ղեկավար գնահատեք` դա ճիշտ է, թե՝ ոչ։ Նախ, պետական բյուջեն հաստատված էր 852 մլրդ։ Ուրեմն, այն ուղղակիորեն չի կատարվել 0.5%-ով։ Երկրորդ, տնտեսական աճը (ձեր պաշտոնական վիճակագրությամբ) 4.2%-ի փոխարեն եղել է 5.9%։ Ուրեմն բյուջեն հարաբերականորեն թերակատարվել է ևս 1.7%-ով։ Երրորդ, գնաճը 4+/-1.5%-ի փոխարեն եղել է 7.7%։ Բյուջեն հարաբերականորեն չի կատարվել ևս առնվազն 2.2%-ով։ Այսպիսով, 2011-ի բյուջեն կատարված լինելու համար այն առնվազն փաստացի պետք է լիներ՝ 852 + 14.4 (852x0.017) + 18.7 (852x0.022) = 885.1 դրամ։ Այս թվից ցանկացած փոքր թիվ նշանակում է բյուջեի հարաբերական թերակատարում և տնտեսական իրավիճակի բացարձակ վատթարացում։ Ուրեմն, ձեր 2011թ պետական բյուջեն կատարվել է 95.8%-ով (848։885x100%)։ Նման վերլուծություններ ես անում եմ շատ արժեքավոր լսարաններում ու մարդիկ դրա համար շնորհակալություն են ասում, այլ ոչ թե ինձ աճպարար անվանում։ Սա վատ, շատ վատ ցուցանիշ է խաղաղ տարիների համար։ Հիմա ես Ձեզ կպատմեմ, թե ինչպես գնահատեք 2012p պետական բյուջեն։ Այն ընդունել եք 911 մլրդ դրամ ծավալով։ Մի խորամանկ աղմուկ էլ հանել էիք, թե բա չեք ասի, հարուստներին քամում ենք ու բյուջեն լցնում։ Մինչդեռ ձեր 2012-ի բյուջեն պետք է նվազագույնը լիներ՝ 885x1.025x1.042= 945 մլրդ դրամ (եթե սղաճը 2.5% է) և առավելագույնը լիներ՝ 972 մլրդ դրամ (եթե սղաճը 5.5%) է։ Սա է այն հիմնական բացատրությունը, որ երբ դուք բյուջեն «կատարում» եք, մեր վիճակը, միևնույնն է, վատանում է։ Դրա համար, եթե դուք Ձեզ այս երկրի նախագահն եք համարում, ավելի ցածր թվերով ժողովրդին ֆռռացնելու համար պետք է պահանջեիք կառավարության հրաժարականը։ Սա ես անվանում եմ նվազագույնի մեթոդաբանություն։ Դա դեռ քիչ է։ Քիչ ուշ ես Ձեզ կծանոթացնեմ իրական կամ միջին մեթոդաբանությանը։ Իսկ աճպարարի համար ես ձեզ չեմ պատասխանի։ Կարող եմ ասել, չէ՞, աճպարարը …հարևանդ է։ Չեմ ասում։

1. Հիմա բուն աճպարարությանը։ Ասում եք, բյուջետային հոսքերի 5 տարին համեմատում եք գնաճի 6 տարվա հետ։ Նախ, նման բան չկա։ Երկրորդ, մի րոպե ենթադրենք, որ այդպես է։ Բազայից հանեք 5.5% գնաճը 2012-ի համար նախատեսված։ Լավ 13.8%-ի փոխարեն կստանաք ուղիղ 20 %։ Ս՞ա է վեճը։ Դուք չ՞եք հասկանում, որ խոստացել էիք այն ավելացնել 2 անգամ։ Իսկ հիմա ես Ձեզ ասեմ ոչ թե նվազագույն, այլ «նորմալ» բյուջետային աճի մասին։ Բանն այն է, որ, ըստ ճշգրիտ մեթոդաբանության, երկրի բյուջեի աճը պետք է ոչ միայն հավասար լինի սղաճ + տնտեսական աճ հանրագումարին, այլ ավելացվի առաջանցիկ զարգացման գործակցով։ Մեր նման երկրների համար այն մոտովորապես 1.3 է։ Այսինքն` 1% աճին պետք է համապատասխանի բյուջեի 1.3 % աճ, քանզի ՀՆԱ աճը ավելի ու ավելի ստացվում է ինքնարժեքի իջեցման, տնտեսության մոնետիզացիայի ավելացման, կառուցվածքային փոփոխությունների (աճում է, օրինակ, ֆինանսական ոլորտը) հաշվին, հարկային արտոնությունների բացառումն ու վարչարարության բարելավումն էլ պարտադիր կարգով իրենց հերթին հանգեցնում են բյուջեի եկամուտների առաջանցիկ աճին ՀՆԱ համեմատ։

2. Հաջորդը։ Ասում եք, թե ուռճացված է 44.7%-ը։ Վստա՞հ եք։ Դե մի հատ հաշվեք և ասեք ի՞նչն է ուռճացված։ Հա, ակնարկում եք, թե ինչու եմ նպատակային թիրախի (4+/-1.5%) վերին շեմը (5.5%) վերցրել, այլ ոչ թե ներքին (2.5%)։ Լավ եմ արել։ Բա ի՞նչու եք Դուք համագումարի ձեր ելույթում վերցրել 1043 մլրդ դրամ վերին թիվը։ Չէ՞ որ հայտնի չի` այդ թիվը կկատարվի, թե՞՝ ոչ։ 2012-ի ավարտին դեռ 10 ամիս կա։ Հետո 5.5% թիվ բյուջեում ունե՞ք։ Ունեք։ Ես էլ վերցրել եմ։ Մի սկզբունքային հարց էլ կա։ Այդ 3 տոկոսից եք կառչում։ Ձեզ ասում ենք` ու՞ր է ձեր խոստացած բյուջեի 100% աճը, ինչի՞ եք ընդամենը աճել (կասկածելի) 13.8%-ով, Դուք ինձ պատասխանում եք, թե Բագրատյան, որ մի քիչ խղճով լինեիր, մի 3 տոկոս ավել պիտի գրեիր։ Չէ, խղճով չեմ։


3. Դոլարի սղաճ արտահայտությունն իմն է։ Ի՞նչ խնդիր ունեք դրա հետ։ Դոլարն այսoր ինքն իրեն չափող արժույթ է։ Նրա արժեզրկումը, ի տարբերություն դրամի, էմիտենտ երկրի սղաճն է։

4. Չեմ կարողանում հասկանալ դրամ-դոլար 304 և 342 թվերի վեճը։ Ձեր իսկ վիճակագրական տեղեկագրում կա դրամի փոխարժեք 304՝ դեկտեմբերի 1 2007։ Հիմա ասում եք, միջին կուրսը եղել է 342։ Ապրեք, հաշվեցիք։ Բայց չէ՞ որ բյուջետային եկամուտները հավասար չեն տարվա մեջ։ Առյուծի բաժինը տարեվերջին չի՞։ Տո մի բան էլ Ձեզ խնայել եմ։ Եթե ավելի մանրամասն, ըստ ամիսների, հաշվարկ ունեք, անեիք ու ցույց տայիք, որ իմ հաշվարկներում սխալ ունեմ։ Կարող եմ ավելի ճշգրիտ հաշվել։ Բայց ֆիննախն ի՞նչ է անում։ Ու այդ ի՞նչ իրավունքով է ֆինանսների փոխնախարարն ինձ ասում, թե կուրսն այսքան է։ Ինքը ընդհանուր դիտողություն չպիտի անի, այլ կոնկրետ հաշվի ու ասի։ 100 տարբերակով կարելի է ապացուցել, որ 2007թ. բյուջեն եղել է 2.16 մլրդ դոլար։ Ես գոնե տեղյակ եմ այդ շրջանում դրամի անպատասխանատու արժևորման քաղաքականությանը։


5. Հաջորդը։ 2007 և 2011թթ 1 շնչին ընկնող ՀՆԱ համեմատությունը։ Դուք կարողացե՞լ եք ուշադիր կարդալ գրածներս։ Գնողունակության պարիտետն այստեղ ի՞նչ կապ ունի։ Ես անմիջականորեն ՀՆԱ պարիտետով ու առանց պարիտետի համեմատե՞լ եմ։ Ես ասում եմ` 2007-ին 89-րդն էինք, 2011-ին 114-րդը։ Ի՞նչ կապ ունի, թե այդ թվերից որն ինչ է։ Եթե պարիտետովն է, ապա բոլոր երկրներն են պարիտետով, եթե առանց դրա է, ապա նույնը մյուսների նկատմամբ է։ Ի դեպ, ըստ ՀԲ տվյալների, GNI պարիտետով ՀՀ 2007-2010թթ 90-րդ տեղից իջել է 112-րդը, իսկ ՀՆԱ-ն առանց պարիտետի 99-րդ տեղից 118-րդը։ Այսինքն` ավելի վատ Ձեր համար։ Այդ փոխնախարարին էլ ասեք, որ նման ուսանողին ես գերազանց կնշանակեի։

6. Խայտառակություն է արտաքին առևտրի մասին Ձեր դիտողությունը։ Դուք համագումարում եք ասել եք 2.4 մլրդ դոլար «ապրանքների ու ծառայությունների» արտահանման մասին։ Հավանաբար սխալվել եք՝ պետք է լիներ 1.4 մլրդ։ Բայց մի շտապեք ինձ հետ համաձայնվել Ձեր սխալվելու մասով։ Այստեղ հարց կա։ Կառավարությունում դա չգիտեն։ Հիմա կբացատրեմ։ Բանն այն է, որ Ձեր իշխանության տարիներին Հայաստանը վերջապես դարձավ կապիտալ արտահանող երկիր։ Նախնական գնահատումներով` մոտ 1 մլրդ դոլար տարեկան։ Հիմա 1+1.4= 2.4։ Դրա համար եմ ես իմ բացատրության մեջ մեկտեղ օգտագործում «արտաքին առևտրաշրջանառություն» և «ապրանքների ու ծառայությունների արտահանում» բառակապակցությունները։ Նկատի ունենք ապրանքների ու ծառայությունների այն արտահանումը, որը մտնում է արտաքին առևտրաշրջանառության մեջ։ (Ներմուծումն այստեղ կապ չունի։ Բնականաբար, այն մտնում է նշված ցուցանիշի մեջ։) Սա այնպես, մեր մեջ։ Փոխնախարարին այս մասին մի ասեք։ Դուք հո պարտավոր չեք ՀՀԿ համագումարում կարդալ այն, ինչ իրենք գրել են։ Նախագահ եք համարվում, մի բան էլ կարող է Դուք ավելացնեիք։ Արտահանման մասով Ձեր մյուս դատողությունը, օպերատիվ և վերջնականապես ճշտված ցուցանիշների մասով՝ ողորմելի է։ Չի կարելի։ Դրանց ասեք, որ Դուք հանրապետության նախագահ եք և թող Ձեզ ձեռ չառնեն։ Եղբայր, է սրանից հետո անընդհատ ասեք, որ, օրինակ, 2011p ՀՀ տնտեսական աճը ոչ թե 5.9 % է, այլ 75%։ Կարող է ,չէ՞, մի օր (ասենք` մի 150 տարի հետո) ՀԲ-ն ճշգրտի ու գտնի, որ այդքան է։ Ընդդիմությանն էլ ասեք, որ ոչ մի վերլուծություն չանեն, կարող են, չէ՞, վերջնական թվերը փոխվել։ Ու իշխանությունից էլ մի հեռացեք։ Ե՞ղավ։

7. Հաջորդ խնդիրը միջին աշխատավարձի մասով վեճն է։ Դուք իմ հաշվարկները չեք մերժում։ Պարզապես նշում եք, թե ինչո՞ւ եմ ես 2007-ի համար վերցրել 80433 դրամ թիվը։ Դա, այո, նոյեմբերի Ձեր թիվն է։ Այն տարի Դուք դեռ չունեիք տարեկան միջինը։ Մի րոպե, ենթադրենք, Դուք իրավացի եք։ Հիմա թիվն ունեք։ Ձեր ձեռքն է, ինչ ուզում, գրում եք։ Միջին աշխատավարձը 2007-ին եղել է 74 հազ . դրամ և ոչ թե 80 հազ. դրամ։ Այստեղից հետևում է, որ 2007-2011թթ. իրական աշխատավարձն աճել է ոչ թե 6.2%-ով, այլ 14%-ով։ Սա՞ է ձեր պատասխանը։ Բա 2 անգամ պիտի ավելանար։ Մի շտապեք, սակայն, ուրախանալ, թե Բագրատյանը մի քիչ գոնե այս կետում զիջեց։ Ամենևին։ Հետաքրքիրն այստեղ ուրիշ բան է։ Հլա տեսեք` ուր ենք հասել։ Ես բարձրացնում եմ Ձեր վարչապետության թիվը, դուք իջեցնում եք։ Ինչ ազնիվ եք ու վեհ։ Թե՞ Քոչարյանի հետ խնդիր կա։


8. Ձեր հաջորդ դիտողությունը ավանդների մասով է։ Այդ ի՞նչ դիտողություն եք անում ավանդների մասով։ Ձեր ելույթում Դուք գրել էիք 983 մլրդ դրամ թիվը։ Ես ավելի մեծ թիվ եմ գրել՝ 1053 մլրդ դրամ։ 491-ից։ Հիմա պիտի կառչեք «դրամ» ու «դրամով» ստուգաբանությունից։ Եղբայր, ես ձեզ ասում եմ, ավանդները ոչ թե 983, այլ 1053 մլրդ են։ Ու բացատրում եմ, որ դա ոչինչ չի նշանակում։ Բերում եմ Ռուսաստանի օրինակը, Ուկրաինայի օրինակը։ Սրան ի՞նչ ունեք ասելու։ Ինչ-որ կցկտուր մտքեր եք ասում առ այն, որ Ռուսաստանում գնաճն ավելի բարձր է եղել։ Բա եղա՞վ։ Եթե վերցնում ենք 2011թ. գնաճն այդ երկրում եղել է 6.1% (դեկտեմբերը դեկտեմբերի նկատմամբ), Հայաստանում՝ 7.7%։ Եթե վերցնում ենք այլ տարիներ, ապա 2000-2011թթ. ընթացքում, այո, եղել են տարիներ, երբ գնաճը Ռուսաստանում ավելի բարձր էր։ Հատկապես տասմնամյակի սկզբներին։ Բայց իրենց առաջին տասնամյակում առնվազն 2 տարի կա, երբ ավանդները 1 տարվա ընթացքում պարզապես կրկնապատկվել են։

9. Հարկեր/ՀՆԱ մասով դիտողությունները պարզապես բարբաջանք են։ Ի դեպ, այստեղ տեղին խոստովանություն կա առ այն, որ հարկերը կարելի է ավելացնել, երբ տնտեսությունն իջնում է։ Իհարկե կարելի է։ Քանզի ձեր հարկային համակարգում գերակշռում են անուղղակի հարկերը։ Իսկ դրանք արտադրության ծավալների հետ անմիջական կապ կարող են չունենալ։ Բացի այդ, ումից ինչքան հարկային ավանս ուզում վերցնում եք։ Բացի այդ ոչ մի կոպեկ ԱԱՀ մարդկանց հետ չեք տալիս։ Եվ այդպես շարունակ։

10. Սոցիալական ծախսերի մասով։ Չեմ հասկանում Ձեր պատասխանը։ Հիմա արտաքին պարտքի հաշվին աշխատավարձ չե՞ք տվել։ Բա էլ ինչի՞ եք 5 տարում կրկնապատկում արտաքին պարտքը։ Ասում եք` ներդրումներ եք արե՞լ։ Բայց փողից հո՞տ է գալիս։ Ինչպե՞ս եք տարբերում որ փողը որտեղից է։ Չէ՞ որ փողը բյուջե եք բերում ու հետո ծախսում։ Այ քեզ բան։ Ու հետո այդ ձեր վարչապետն ու ԱԺ հանձնաժողովի նախագահը չէին ասում, թե ժողովուրդ պարտք ենք արել, որ սոցիալական ծախսերը կատարենք։

11. Բարձր տեխնոլոգիաների մասով։ Այդտեղ չնչին անճշտություն կա։ Ու սխալվել եմ Ձեր օգտին։ Այո, 2 %-ը վերաբերում է արտահանմանը և ոչ թե ՀՆԱ-ին։ Սրանից խնդրի էությունը չի փոխվում։ Քանի որ արտահանումը կազմում է ՀՆԱ 10%-ը, ապա ստացվում է 18 մլն դոլար։ Նկատի ունեցեք, ես խոսում եմ սրա մասին։ Սա է այստեղ կարևորը։ Ես ասում եմ, որ 18 մլն դոլարն այն թիվը չէ, որ վկայի ինչ-որ որակական շրջադարձի մասին։ Դուք կառչում եք ՀՆԱ – արտահանում copy-paste համակարգչային վրիպակից։ Դե կառչում եք, կառչեք։ Ասեմ նաև, որ այստեղ ավելի լուրջ բան կա։ Եթե մինչև վերջ ճշգրիտ լինենք, ապա այդ 2%-ը վերաբերում է ոչ թե արտահանմանը. այլ վերամշակածի արտահանմանը և Ձեր նախագահության տարիներին (ավելի ճիշտ 2007-2009 թթ.) 9 մլն դոլարից իջել է 6-ի։ Այնպես որ, մի տեղ փորձել էի մի լավ բան անել Ձեր համար, մի 18 մլն դոլարի արտահանում գրել, այն էլ անմիջապես ինձ ուղղեցիք ու տեղը դրեցիք։ Ես միամիտս կարծում էի, դե երկիր է էլի, մի 5 ճամպրուկ ՏՏ արտահանած կլինի, բայց պարզվում է միայն 2 ճամպրուկ է եղել։

12. Զբոսաշրջության ձեր պատասխանի մասով։ Լավ էլ հումորի զգացում ունեք։ Հրաշալի է։ Ասում եք, երբ դիտարկում ենք 1 շնչի հաշվով զբոսաշրջիկների թիվը, ապա իմ հակափաստարկները համոզիչ չեն։ Լավ, համադրենք բնակչության թվի հետ։ Վրաստանն ունի 4.5 մլն բնակչություն, 2750 հազ տուրիստ։ Արեց 1.6 մարդուն մի տուրիստ։ Արեց։ Թուրքիան ունի 72 մլն բնակչություն և 35 մլն տուրիստ։ Արեց 2.1 մարդուն 1 տուրիստ։ Կիպրոսն ունի 1.1 մլն բնակչություն և 2.5 մլն տուրիստ։ Արեց մեկ մարդուն 2.5 տուրիստ։ Ալբանիան ունի 3.2 մլն բնակչություն և 2 մլն տուրիստ։ Արեց 1.6 մարդուն մի տուրիստ։ Հիմա մեր մոտ 4.1 մարդուն է 1 տուրիստ հասնում, երբ 7 մլն-անոց սփյուռք կա։ Ասում եք նաև՝ չհաշված բնական պայմանների անհամադրությունը։ Ուզում եք ասել, որ Հայաստանը լավ երկիր չէ։ Անհամադրելի է։ Ինձ համար Հայաստանը հայրենիք է։ Ի վերջո, եթե Հայաստանը ոչ համադրելի է, այս թեման ՀՀԿ համագումարում ինչի՞ էիք արծարծում։ Թերթերում գրել էիք նաև, որ հիանալի օդանավակայան եք բացել։ Այո, օդանավակայնը լավն է, հիանալի, լավ էլ սպասարկում է, բայց թռնում են ավիաընկերության միջոցով։ Ու այդ թռիչքի տոմսերը թանկ են, երբեմն անգամներ ավելի, քան մեր հարևանների մոտ։ Մարդիկ դրա համար չեն գալիս։ Դրան էլ ավելացրեք այն, թե որ մոնոպոլիստներին են պատկանում Ծաղկաձորը, Սևանն ու Ջերմուկը։

13. Մի վերջին հարց էլ։ Առաջին նամակում մոռացել էի։ Գրում եք, որ ճգնաժամից հետո հաջողվել է վերականգնել 18 աշխատատեղ։ Ուրեմն ես Ձեզ ասեմ ՀՀ ԱՎԾ պաշտոնական թվերը գործազրկության վերաբերյալ վերջին 3 տարիներին. 231 հազ.` 2009-ին, 266 հազ.` 2010-ին և 303 հազ.` 2011-ին։ Մի հատ ստուգեք այս թվերը (ինքնաթիռի մեջ եմ, վիճակագրական ժողովածուները ձեռքիս տակ չեն, էջերը չեմ հիշում)։

Այսքանը։ Մի տխրեք։ Կգանք կարգի կբերենք։ Ֆինանսների փոխնախարարին էլ գործից չազատեք։ Ընդհակառակը, խրախուսեք։ Եթե ցանկություն ունեք պատասխանել` լավ կլինի։ Բայց եկեք հեռուստատեսությամբ։ Իբրև մեծահոգության դրսևորում. համաձայն եմ բանավիճել վարչապետի և/կամ ԿԲ նախագահի հետ։ Դուք կարող եք չգալ։ Ի վերջո… Բայց մի 2 շաբաթից։ Ինտելեկտուալ խոպանչի ենք, մի քիչ փող աշխատենք, բերենք համ տուն պահենք, համ էլ դատարանների փողերը տանք։ Դուք ուրիշ եք։ Կոմպլեքսներ չունեք պաշտոնն ու փող աշխատելը համադրելու»:

Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր
(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),
Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),
Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,
Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր,
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից
Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,
Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդական (Վաշինգտոն, 1997)
ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,
Ազատություն կուսակցության նախագահ,
ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող
Շնորհակալություն որ հետաքրքրվում եք բլոգով: Ամբողջական կամ մասնակի մեջբերումներ անելիս հղումը դեպի տվյալ գրառումը պարտադիր է:

Post a Comment